Սելեստեն Ֆրենե` Մանկավարժական ինվարիանտներ

Մանկավարժական ինվարիանտներ

  1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։
  2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։
  3. Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։
  4. Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։
  5. Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։
  6. Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։
  7. Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։
  8. Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։
  9. Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։
  10. Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։
  11. Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։
  12. Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։
  13. Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։
  14. Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։
  15. Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։
  16. Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է։
  17. Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։
  18. Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։
  19. Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։
  20. Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։
  21. Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։
  22. Պետք է հնարավորինս քիչ խոսել։
  23. Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։
  24. Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։
  25. Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։
  26. Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։
  27. Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։
  28. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին։
  29. Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել։
  30. Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։
  31. Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։
  32. Կյանքի հանդեպ լավատեսական հավատ

Յուրաքանչյուր երեխա անհատ է իր բնավորությամբ, խառնվածքով, հույզերով, զգացմունքներով և մտավոր կարողություններով, հետևաբար ինչպես մեծերին, այնպես էլ երեխաններին պետք է ընկալել որպես անհատականություն։ Տարբերությունը միայն տարիքն է և փորձառությունը։

Ըստ իս, մարդկային որակներն են մարդուն «բարձրացնում», այլ ոչ թե բարձր հարթակները։

Յուրարաքանչյուր մարդու արարք կախված է իր հոգեկան հավասարակշռությունից և առողջական վիճակից։ Եթե դպրոցում երեխան վատ և ագրեսիվ պահվածք է ցուցաբերում, ապա ուսուցիչը պետք է հասկանա, որ դա կամակորություն չէ, այլ որևէ արտաքին կամ ներքին գործոնի ազդեցության դրսևորում։

Առհասարակ, որևէ մեկին կամ երեխաներին հրամայելը, մահակի սպառնալիքով աշխատելը կամ պարտադրելը երբեք լավ արդյունքի չի հանգեցնի։ Աշխատանքը պետք է ընտրել գիտակցված և կատարել սիրով, այլապես ձախողումն անխուսափելի է, իսկ եթե նույնիսկ աշխատանքը իր նպատակին չհասցնեք, պետք չէ հետ կանգնել նպատակներից, հուսալքվել։ Անհաջողությունն ու դժվարությունները անցողիկ են, պետք է կամքի ուժ ունենալ, պայքարել, չընկրկել։ Կարելի է նույնիսկ դրանից դասեր քաղել, նոր քայլեր ձեռնարկել, մոտիվացվել և, ի վերջո, հաջողել և, ինչու ոչ, նաև մոտիվացնել։

Փորձարարական որոնումն արդյունավետ է բոլոր պարագաներում։ Փորձի արդյունքում է ավելի տպավորիչ և հասկանալի դառնում թեման, որն էլ վստահաբար կպահպանվի երկար ժամանակ։ Տեսական և կաղապարված գիտելիքները, ամբիոնից հնչող օրենքներն ու կանոնները ոչինչ են, եթե չկա գործնական մաս։

Սովորողների գերխտությունը դժվարեցնում է ուսուցչի և սովորողի աշխատանքը`այն դարձնելով անարդյունավետ։

Մանկավարժության մեջ և, առհասարակ, բոլոր դեպքերում պետք է բացառել պատիժը, որը բացասաբար է անդրադառնում երեխայի և’ ինքնագնահատականի, և’ հոգեբանության վրա։ Պատիժը կարելի է փոխարինել սիրո և հարգանքի։ Մանկավարժի և սովորողի փոխադարձ սերն ու ըմբռնումը կարևոր է առողջ մթնոլորտ և հարաբերություններ ստեղծելու համար։

Այս ամենից առաջ ոչ պակաս կարևոր է նաև լավատեսությունը։ Լավատեսորեն տրամադրված լինելով և երբեք չհուսահատվելով միշտ առաջ կգնաս` հաղթահարելով ցանկացած դժվարություն:

Оставьте комментарий